ՀԴԿ ղեկավար ԱՐԱՄ ԳԱՍՊԱՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԸ Հայաստանի որոշ գերատեսչություններից ակնկալում է բացատրություն, թե ինչու է հետաձգվում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը։ Մեզ հետ զրույցում քաղաքական գործիչը ներկայացրեց իր դիրքորոշումն այս հարցի առնչությամբ։
-Ժամանակին անհրաժեշտ էր նախնական գործողություններ ձեռնարկել և՛ Ղազախստանում, և՛ Բելառուսում, այսինքն, անհրաժեշտ էր լոբբինգ անել։ Այնինչ, հակառակը եղավ Աստանայում,- ասաց ՀԴԿ ղեկավարը։- Ավելին, այսօր էլ ՌԴ փոխվարչապետ Շուվալովն է հիշեցնում Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնների մասին։ Սա նշանակում է, որ եթե ԱՀԿ-ի հետ պայմանավորվել եք մի մաքսային գոտում աշխատելու պայմանների մասին, հիմա այլ չափորոշիչներ են գործելու։ Իսկ այս խնդիրները Հայաստանն ինքը պետք է կարգավորի։ Օրինակ, եթե որևէ ապրանք Հայաստան է ներմուծվում 5 % մաքսային տուրքով, հնարավոր է, որ ՄՄ-ին անդամակցելով այն ներկրվի 20 %-ով, այսինքն, ավելի շատ։ Փաստորեն, Հայաստանը պետք է այդ տարբերությունը փոխհատուցի այն երկրին, որտեղից ապրանք է ներկրում։ Հայաստանյան համապատասխան մարմինները թերացել են այս հարցում ու վաղօրոք չեն կանխատեսել խնդիրը։ Հաջորդ էական գործընթացն այս փուլում այն է, որ Վրաստանը ԵՄ ասոցացման համաձայնագիր ստորագրեց, որին ևս Հայաստանը պետք է պատրաստ լիներ։
-Փաստորեն, ձգձգման պատճառը Հայաստանի իշխանությունների գործողություննե՞րն են։
-Հայկական կողմը պարտավոր էր նախօրոք այս քայլերը դիտարկել։ Հայկական այն ապրանքները, որոնք արտահանվում են (մոլիբդեն, ցեմենտ, ոսկի և այլն), եթե հօգուտ գործարարների դրանց մաքսատուրքը ցածր ենք սահմանել, ՄՄ կազմում լինելով պարտավոր ենք դրանց համար բարձր տուրք սահմանել։ Այսօր, փաստորեն, մենք ոչ թե բյուջեի մասին ենք մտածել, այլ սեփականատիրոջ շահույթի։ Այստեղ էլ են իշխանությունները թերացել։ Ինչ վերաբերում է ՄՄ մեր գործընկերներին, նկատենք, որ կա հստակ մոտեցում՝ Հայաստանը չի համապատասխանում իրենց քաշային կարգին։ Եթե Հայաստանը մտնում է այդ Միության կազմի մեջ, ապա վերոնշյալ խնդիրները նախօրոք լուծած պետք է լինի։ Ճիշտ կլինի, որ այս խնդիրների առնչությամբ Հայաստանի համապատասխան գերատեսչությունները, մասնավորապես ֆինանսների նախարարությունը, բացատրություններ տան, թե ինչո՞ւ է նման վիճակ առաջացել։ Թվում էր, թե ընդամենը մի քանի տեխնիկական հարցեր են առաջացել, որից հետո համաձայնագիրը կստորագրվի, բայց այսօր պարզվում է, որ մեկ-երկու ամիս էլ է պետք։
-Չե՞ք կարծում, որ համաձայնագրի ստորագրման գործընթացը Հայաստանի իրավասությունից դուրս է, և հիմնական որոշում կայացնողը Ռուսաստանն է։
-Նժարի վրա պետք է դնել իմ նշած փաստարկները և Ձեր ասածը։ Խոսակցությունները, թե Ռուսաստանն ամեն գնով փորձում է Ադրբեջանին բերել Մաքսային միություն, կարող եմ միանշանակ ասել, որ դա մեզ միայն պիտի ուրախացնի։ Այդ պարագայում ԼՂՀ-ի խնդիրը, որպես առանձին միավորի, ինքնին լուծվելու է։ Չնայած համոզված եմ, որ Ադրբեջանը չի անդամակցի ՄՄ-ին, որովհետև ունի ավելի հրապուրիչ առաջարկ՝ թուրքական պետությունների հետ ալյանս կազմելու։ Հայաստանը, իր շահերից ելնելով, պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի ու բացառի օլիգարխիկ համակարգի ներազդեցությունն այս գործընթացում։
Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ